Այգուտի միջնակարգ դպրոց

Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը: Բեռնարդ Շոու

Մասնախմբեր

26 Հունվարի, 2017

                                Դասվարական                                          Դասվարական կամ փոքրերի արևոտ                                                 աշխարհը

Տունը ամուր է հիմքով՝ ապահով ու հաստատուն: Դպրոցն էլ իր հիմնական առաքելությունը՝ կրթությունը, իրականացնելու համար ուսուցման համակարգը կառուցում է նույն հետևողականությամբ ու բծախնդրությամբ:

Այգուտցու կրթությունը սկսվում է տարրական դպրոցից, որի գլխավոր խնդիրն ու նպատակը փոքրիկ սաներին դպրոցական միջավայրում ընդգրկելն է, հարազատ ու մտերմիկ մթնոլորտում նրանց կրթության ու դաստիարակության գործընթացի կազմակերպումն ու ապահովումը:

Իսկ այս լուրջ ու պատասխանատու գործը վստահվել է մարդկանց, ովքեր ուսուցիչ լինելուց զատ ունեն փոքրերի հետ աշխատելու հմտություն ու համբերություն, մանկական հոգեբանության, նրանց զգայուն ու խոցելի հոգեկերտվածքի գիտակներ են, շատ կարևոր անձինք, որոնց հետ երեխան կապվում է իր նյարդի ամեն բջիջով և ամբողջ կյանքի համար առանձնացնում ու փայփայում առաջին ուսուցչին՝ դպրոցական առաջին բարեկամին:

Մեծ դպրոցի ոչ փոքր անկյունում է փոքրերի մոլորակը: Մեծ հայի՝ Կոմիտասի լուսավոր սրահից սկսվում է փոքրիկ այգուտցիների մուտքը դպրոց, հետո երթը ձգվում է լուսավոր միջանցքով, որտեղ նրանց լուսե ժպիտով ողջունում է հայ մեծ լուսավորիչ, մանկավարժ Խաչատուր Աբովյանը, ընդունում ու ուղեկցում նույքան լուսավոր ու հարմարավետ դասարաններ՝ կահավորված ու ձևավորված մանուկների համար և մանուկներին հարմար:                                                                                          Տարրական դպրոցի աշխատանքները կազմակերպում ու կոորդինացնում է ուսմասվար Սիլվա  Քոչարյանը, որը նաև հմուտ ու սիրված ուսուցիչ  է և հրաշալի պատկերացնում է այդ բարդ, նուրբ ու պատասխանատու աշխատանքը: Նա կարողացել է ջերմ ու հարազատ միկրոկլիմա ստեղծել դասվարական կոլեկտիվում, որի անմիջական արձագանքը կայացած տարրական դպրոցն է՝ փոքրերի արևոտ աշխարհը:

                                                                          Դասղեկներ

Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը նոր բովանդակություն է ստանում դասղեկ-աշակերտ հարթակում: Դասարանը դառնում է մի մեծ ընտանիք, որն ունի ղեկավար, կազմակերպիչ, պատասխանատու: Մարդկային ճիշտ փոխհարաբերությունները ձևավորում են մարդկային ճիշտ որակներ: Դասղեկի աչալուրջ հսկողությամբ հղկվում են բնավորության գծերը, սրվում ու հարթվում: Երեխան միշտ սրտացավ ու հոգատար մարդու տեսադաշտում է:

Ամենօրյա հետևողական աշխատանքի նպատակային լրացումն են դասղեկական ժամերը, որ կառուցվում են երեխաների ընդհանուր զարգացման ու կրթության տրամաբանությամբ: Այստեղ օգտագործվում են դպրոցի և՛ թանգարանները, և՛ հարուստ ֆիլմադարանը, և՛ էքսկուրսիաներն ու հանդիպումները:

Դասղեկական բաց ժամերն էլ փորձի փոխանակման հնարավորություն են ընձեռում, դառնում քննարկման թեմա:

                         Հայոց լեզվի և գրականության

Հայոց լեզու և գրականության ենթախմբի գլխավոր և աննահանջ խնդիրը հայոց լեզվի պատշաճ մատուցումն է և երեխայի ինքնագիտակցության մեջ նրա նկատմամբ բացառիկ սիրո, վերաբերմունքի մշակումը: Դա արվում է, անշուշտ, մասնագիտական առարկաների դասավանդման միջոցով և լրացվում արտադասարանային և արտադպրոցական միջոցառումների ժամանակ:

Ասմունքի, շարադրության մրցույթներ, թեմատիկ վիկտորինաներ, գրական, երաժշտական կոմպոզիցիաներ, ընթերցումներ, բանավեճեր, ներկայացումներ, մենախոսության «Նուռ» փառատոն, «Հայ մշակույթի տոն» ավանդական հանդիսություն… միջոցառումներ, որ հայակերտման, հայահաստատման անվիճելի խթաններ են մեր բազմաբովանդակ, բազմալեզու ու բազմախոտոր ժամանակներում:

                           Պատմաաշխարհագրական

Պատմության անիվը հարափոփոխ ընթացքի մեջ է, և այսօր ապրելու, վաղը չուշանալու համար պետք է իմանալ, գնահատել երեկը:

Հայ ժողովրդի պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, համաշխարհային պատմություն, հասարակագիտություն առարկաների մասնագետներն էլ աշխատում են բարեխղճորեն կատարել իրենց վստահված պատմական առաքելությունը:

Այս ենթախումբը ամբողջանում է աշխարհագրության ուսուցիչների շնորհիվ, որոնք էլ փորձում են ամբողջացնել խոսակցությունը Հայաստանի ու աշխարհի աշխարհագրության ուսուցմամբ ու արժանավայել մատուցմամբ ոչ միայն առարկաների, այլև լրացուցիչ նյութերի, ծրագրերի միջոցով:

                           Ֆիզիկամաթեմատիկական

Թվերը կառավարում են աշխարհը, թվայնացման դարում առանձնահատուկ ուշադրության կիզակետում են ճշգրիտ գիտությունները՝ մաթեմատիկան, ֆիզիկան, ինֆորմատիկան: Առարկայական գիտելիքներից զատ աշակերտները ձեռք են բերում վերլուծական մտածողություն, գիտելիքների համակարգման հմտություն, մտածելու, տրամաբանելու, լուծելու կամք, վերջնական նպատակին հասնելու համբերություն ու համառություն:

                          Ֆրանսերենի  մասնախումբ

Մեծ աշխարհում ինտեգրվելու, ժամանակին համաքայլ ընթանալու համար միայն սեփական լեզվի իմացությունը բավարար չէ. աշխարհի հետ խոսելու համար ժամանակի մարդը պետք է լինի բազմալեզու: Հաղորդակցության հիմնական լեզուն այսօր անգլերենն է, որի ուսուցման ժամանակակից պահանջներն ու մեթոդներն է առաջարկում Ֆրանսերենի  մասնախումբը:

Լեզվի ուսուցումը կենդանի պրոցես է, տեսական գիտելիքների ու գործնական կիրառության գրագետ միություն, որը դպրոցում իրականացվում է ոչ միայն դասերի ընթացքում, այլև ֆրանսիալեզու  միջոցառումների ժամանակ:

                       Ռուսաց լեզվի մասնախումբ

Այգուտի  միջնակարգ  դպրոցի  հիմնադրման օրից ի վեր առանձնահատուկ մոտեցում է որդեգրել ռուսաց լեզվի նկատմամբ: Խորհրդային շրջանում, իհարկե, հասկանալի էր նման մոտեցումը. չէ՞ որ ռուսերենի իմացությունը անհրաժեշտ էր բազմազգ երկրում հաղորդակցվելիս, նաև ռուսալեզու անսպառ տեղեկատվությունից օգտվելիս: